Starpath ծածկույթը մթության մեջ լուսավորում է ճանապարհը

Starpath ծածկույթը մթության մեջ լուսավորում է ճանապարհը
Բոլորին է հայտնի, որ արևային էներգիա հավաքող համակարգերը հիմնականում տեղադրվում են տների տանիքներին, իսկ երբեմն՝ պատերին կամ պատուհաններին: Սակայն կան այլ՝ արևային լուսավորությանը ենթակա հարմար մակերեսներ. օրինակ՝ մայթերը շատ հարմար են արևային լույսի կլանման համար: Այս փաստը գրավեց նաև բրիտանական Pro-Teq ընկերության ինժեներների ուշադրությունը: Նրանք մշակեցին նոր ջրադիմացկուն ծածկույթ-սփրեյ Starpath, որն օրվա ընթացքում կլանում է ուլտրամանուշակագույն ճառագայթները, իսկ գիշերը սկսում է արձակել շրջակա լուսավորությանն անհրաժեշտ լույս:







Համաձայն www.vzavtra.net կայքի՝ ներկայումս այս ծածկույթը փորձարկվում է Քեմբրիջի զբոսայգում: Ինչպես նշում են բրիտանական ընկերությունում, նորույթը կարող է դառնալ այլընտրանքային արդյունավետ և տնտեսող տարբերակ փողոցների ավանդական լուսավորությանը: Ի դեպ, Starpath ծածկույթն էլեկտրաէներգիա չի արտադրում: Այն աչքի է ընկնում տեղադրման և տեխնիկական սպասարկման համար ցածր ծախսերով. ծածկույթը պարզապես փոշեցրվում է արդեն գոյություն ունեցող մակերեսի վրա (ասֆալտ կամ բետոն), իսկ հետո ծածկվում է անջրանցիկ բաղադրությամբ: Օրինակ՝ 150 քմ մակերեսը փոշեցրով ծածկելու համար պահանջվեց 30 րոպե, իսկ 4 ժամ անց այն արդեն պատրաստ է շահագործման: Երբ ծածկույթը ինչ-որ պատճառներով դառնում է ոչ պիտանի, ապա այն հեշտությամբ կարելի է վերանորոգել՝ ծածկելով ևս մեկ շերտով:







Starpath առանձնանում է ոչ միայն պրակտիկ, այլև դեկորատիվ հատկանիշներով: Այն չի սահում և ցոլարձակում, ինչը թույլ է տալիս խուսափել պատահարներից առանց հավելյալ ճանապարհային գծանշումների: Ընկերությունն առաջարկում է ծածկույթի 11 գունային տարբերակ: