Սմարթ ապակի Gauzy

Սմարթ ապակի Gauzy
Իսրայելական Gauzy ընկերությունը նախագծել և վերջերս ներկայացրել է սմարթ ապակի, որի թափանցիկությունը կարելի է կարգավորել միայն հպումների միջոցով: Այս հեղափոխական նոր արտադրանքը, ինչպես հաղորդում է vzavtra.net կայքը, մշակված է հեղուկաբյուրեղային էկրաններում օգտագործվող տեխնոլոգիայի հիման վրա և ունի մեծ էկոլոգիական պոտենցիալ: 

Gauzy ընկերությունը հիմնվել է 2009թ.-ին և կոչված է հեղափոխություն կատարել ապակու արտադրության ոլորտում` մշակելով և ներդնելով ապրանքներ, որոնք կարող են կարգավորել արևային լույսի անցանելիությունը: Այս դեպքում, կիրառելով սովորական կառավարման վահանակ, տաք արևային օրը տանտերը կարող է պատուհանի ապակին դարձնել ամբողջովին ոչ թափանցիկ, ինչի արդյունքում նվազում են բնակարանի ներքին հովացման ծախսերը: Եվ հակառակը: Ցուրտ եղանակին պատուհանի թափանցիկ ապակիներով ներս է թողնվում արևային առավելագույն ջերմության քանակ` ստեղծելով պասիվ արևային ջեռուցում և նվազեցնելով հավելյալ ջեռուցման ծախսերը: Էլեկտրական հոսանքը նույնպես կարող է օգտագործվել ապակու վրա նկարների կամ նույնիսկ գովազդի ավելացման համար: 

Ինչպես նշում են Gauzy ընկերությունում, նման արտադրանքը կարելի է օգտագործել տարբեր ոլորտներում, սակայն ի սկզբանե սմարթ ապակին նախատեսված է տեղադրել բնակելի և ադմինիստրատիվ կառույցներում կայուն շինարարության սկզբունքները պահպանելու համար: Սմարթ ապակին կարելի է կիրառել նաև սառնարաններում սովորական դռան փոխարեն: Էլ չենք բացի սառնարանի դուռը, որպեսզի տեսնենք ինչ կա ներսում. պարզապես սեղմում ենք կոճակը և ապակե սմարթ դուռը դառնում է թափանցիկ, իսկ սառնարանի պարունակությունը` տեսանելի: 

Ներկայումս Gauzy ընկերությունն աշխատում է վերելակներ արտադրող ընկերության հետ և կանխատեսում է, որ սմարթ ապակու ընթացիկ արժեքը (1քմ - 1000-1500 ԱՄՆ դոլար) մոտ ապագայում կնվազի այնքան, որ մասնավոր բնակատերերը կկարողանան այն ձեռք բերել և տեղադրել իրենց բնակարաններում: 

Այս նոր ապրանքի կիրառման ևս մեկ ոլորտ է ավտոարտադրությունը: Փոխելով սովորական ապակիները սմարթ ապակիներով` հնարավոր կլինի կարգավորել մեքենայի սալոն մուտք գործող արևային լույսն ու ջերմությունը` խնայելով օդորակման և տաքացման համար ծախսերը:  Այստեղ ծագում են այլ խնդիրներ. քանի որ այս տեխնոլոգիան կարող է դիտվել որպես ապակիների մգեցում, ինչը որոշ երկրներում արգելվում է: